Տեղի է ունեցել «Դոտա 2» մրցույթը, որին մասնակցել է 16 թիմ. հաղթող է ճանաչվել 3 թիմ

Սեպտեմբերի 14-15-ը անցկացվել է «Դոտա 2» մրցույթը: Լրագրողների հետ զրույցում «Դոտա 2» մրցույթի և «Սեկտոր» ակումբի կազմակերպիչ Կոլյա Այվազյանը նշեց, որ մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը մեծ էր:

«Նման մրցույթ անցկացնելու առիթը կայանում է նրանում, որ կիբեր սպորտը Հայաստանում, ցավոք, այդքան էլ զարգացած չէ և լայն տարածում չունի: Քանի որ ես էլ համակարգչային խաղերի սիրահար եմ, որոշեցի՝ ժամանակն է start տալու, որպեսզի Հայաստանում կիբեր սպորտը զարգանա, ինչու չէ՝ նաև հետագայում հույս ունենանք, որ ընդունվի որպես սպորտ»,-ասաց նա:

Կոլյա Այվազյանը նշեց, որ մրցույթում կա արդեն 80 մասնակից՝ 16 թիմ, իսկ ամեն թիմում խաղում են 5 հոգի: «Մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը համարյա 300-ը անցնում էր: Բայց, քանի որ սա մեր առաջին կազմակերպված մրցաշարն էր, մենք որոշեցինք, որ սկսենք 16 թիմից, իսկ հետո մրցաշարը, բնականաբար, կունենա շարունակական բնույթ՝ կկազմակերպվեն արդեն 32 թիմից բաղկացած խաղեր և այդպես շարունակ»,-ասաց նա:

Ըստ նրա` «Դոտա 2»-ը ամենաճանաչված և պահանջարկ ստացած խաղն է կիբեր սպորտում: «Քանի որ մենք հետևում ենք, թե հաճախորդները հիմնականում ինչ խաղ են նախընտրում այստեղ խաղալ, հասկացանք, որ ամենամեծ պահանջարկը ներկա պահին մեզ մոտ ունի «Դոտա 2»-ը: Հաղթողի մրցանակը և գումարային տեսքով և գավաթով է: Ընդհանուր ֆոնդը կազմել է 225 000 դրամ: Առաջին հորիզոնական զբաղեցրած թիմը ստացել է 100 000 դրամ, երկրորդը՝ 75000, երրորդը՝ 50000 դրամ»,-հայտնեց նա:

28 տարեկան մասնակից Վաղարշակ Խաչատրյանը նշեց, որ արդեն 7 տարի խաղում է: «Կիբեր սպորտը իր ամեն ինչով ինձ գրավեց: Ուրիշ սպորտերում ինձ չտեսա, լավ էր ստացվում էր մոտս, որոշեցի խորանալ ու ավելի լուրջ զբաղվել դրանով: Հայաստանում կիբեր սպորտը շատ ցածր մակարդակի վրա էր, մատերի արանքով էին բոլորը նայում, բայց աշխարհում դա լուրջ է, մարդիկ մասնագիտական ինստիտուտներ են բացում, կիբեր սպորտը ընդունել են, որպես պաշտոնական սպորտ: Ժամանակն է եկել Հայաստանում էլ զարգացնել կիբեր սպորտը, ու «Սեկտոր» ակումբը ամեն ինչը անում է, դա շատ լավ է, բոլոր գեյմերներն էլ հաստատ ուրախ կլինեն»,-ասաց նա:

Նա նշեց, որ փորձել է այնպես անել, որ իր խաղերը չխանգարեն իր մնացած գործերին, դասերին: «Գործերից հետո, երբ տուն էի գալիս, այդ ժամանակ էի խաղում: Ճիշտ է՝ ուշ էի քնում, բայց մեծ խոչընդոտ չէր: Հայաստանում ես չէի պատկերացնում, որ այսպես մակարդակով մրցում կարող են անցկացնել: Եկել, մասնակցում եմ ու զարմացած եմ մակարդակից»,-ասաց նա և նշեց, որ ընկերներով թիմ են կազմել, անունը՝ Թայնի:

Մեկ այլ մասնակից՝ Լևոն Ղուկասյանը նշեց, որ լավ մրցակիցներ է ունեցել: «Հետաքրքիր խաղ է եղել: Բոլորն էլ արժանի են հաղթանակի, բայց «Դոտա»-ն այնպիսի խաղ է, որ հաղթում է նա, ով արժանի է և հարմարվում է իրավիճակին»,-ասաց նա: